Ուկրաինայում տիրող իրավիճակը պարզապես վեճ չէ, այլ ավելի լուրջ խնդրի ախտանիշ. ռուսական քվազի-առեղծվածային շովինիզմի աստիճանական եւ հաստատուն վերելք: Այս մասին հայտարարել է ամերիկյան քաղաքագետ, նախագահ Ջիմի Քարթերի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին:
Նրա կարծիքով, այդ գործընթացը շարունակվում է արդեն վեց կամ յոթ տարի: Դրանում գլխավոր դերը խաղաց Պուտինը, եւ այդ նոր հայեցակարգի բովանդակությունն ամբողջությամբ որոշում է Ռուսաստանի հարաբերություններն աշխարհի հետ՝ ընդհանրապես եւ Արեւմուտքի հետ՝ մասնավորապես:
Բժեզինսկին նշել է, որ մասնատված ժողովրդի ռուսական հայեցակարգը «մեկնակետն է շովինիստական հայտարարությունների այն մասին, որ Ռուսաստանի ինքնիշխանությունը տարածվում է բոլոր ռուսների վրա, որտեղ էլ նրանք գտնվեն»:
«Նրանց, ովքեր ծանոթ են Եվրոպայի պատմությանը մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, այս հայտարարություններն անխուսափելիորեն սարսափելի ծանոթ կթվան»,- նշել է քաղաքագետը:
«Մենք գործ ունենք լիարժեք աշխարհայացքի հետ՝ հավակնոտ աշխարհայացքի, որն արդարացնում է պնդումը, թե Ռուսաստանը համաշխարհային գերտերություն է: Եվ Արեւմուտքի հետ երկխոսության մեջ պարոն Պուտինին ոչինչ այդքան չի վիրավորել, որքան նախագահ Օբամայի խոսքերը, ով Ռուսաստանը կոչեց ուժեղ տարածաշրջանային գերտերություն: Ավելի վիրավորական բնորոշում տալ նա չէր կարող»,- ասել է Բժեզինսկին: Այս մասին տեղեկացնում է Иносми-ն՝ հղում կատարելով The American Interest-ին:





























