Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության տարածաշրջանային եւ հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին եւ Զառա Ալավերդյանին: Հանդիպման նպատակը նշված կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի եւ համագործակցության նոր հեռանկարների քննարկումն էր:

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ այսօր մեր երկիրը շարունակում է ընդլայնել եւ խորացնել իր հարաբերությունները եվրոպական միության երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ:  

Բարձր գնահատելով կազմակերպության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, նախարար Սերգո Կարապետյանն առանձնապես կարեւորել է նշված համագործակցության շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի անասնապահության եւ Մեղրիի գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել իրականացնել կենդանիների որոշ հիվանդությունների հայտնաբերման եւ կանխարգելման աշխատանքներ, բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների մասնագիտական եւ բիզնես հմտություններ, ինչպես նաեւ զարգացնել պտղաբուծությունը` մասնավորապես Մեղրիի տարածաշրջանում:  

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր պաշտոնական կայքի ստեղծման գործում շվեյցարական կողմի աջակցության համար:  

Պարոն Շոխը նշել է, որ նշված հաջողությունները համատեղ եւ արդյունավետ աշխատանքի արդյունք են, եւ, որ շվեյցարական կողմն առաջիկայում եւս շարունակելու է Հայաստանում իրականացնել գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրեր՝ ավելացնելով թե դրանց ուղղվածությունը, եւ թե նոր տարածքների ընդգրկումը:  

Նախարար Սերգո Կարապետյանը միաժամանակ տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով շուտով կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագոր¬ծակ¬ցության մասին» համաձայնագիր եւ առաջարկեց նման մի համաձայնագիր ստորագրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության միջեւ, որը ընդունվեց գոհունակությամբ: Նախարարն առաջարկել է նաեւ Սյունիքի մարզի օրինակով հաջորդ տարվանից հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում:  

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի գյուղատնտեսությունում առկա եւ լուծումներ պահանջող այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ճանապարհով տնտեսությունների խոշորացումը եւ գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, որոնց լուծման համար պարոն Շոխը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել ներկայացվող առաջարկությունները: