Գործատուի կողմից ոտնահարված աշխատանքային իր իրավունքները դատարանում պատրաստ է վիճարկել հարցման մասնակցած 1205 երիտասարդների միայն 32,1 տոկոսը։ Հունիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման թվային տվյալներ ներկայացրեց «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության APR Group ստորաբաժանման ղեկավար Ռուբեն Սարգսյանը։

Նշելով, որ հարցումը նպատակ է ունեցել պարզելու, թե որքանո՞վ են տեղեկացված հայ՝ 18-30 տարեկան երիտասարդները արհմիությունների գործունեության մասին, եւ թե հարցվածների քանի՞ տոկոսն է արհմիությունների անդամ, Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցված երիտասարդների միայն 5 տոկոսն է խոստովանել, որ արհմիության անդամ է հանդիսանում։ «Հարցումն անցկացվել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ։ Արդյունքները ստացվել են 3.22 տոկոս ճշգրտության սանդղակով»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ 1205 հարցված երիտասարդների միայն մի փոքր մասն է գիտակցել, որ արհմիություններն իր աշխատանքային իրավունքները պաշտպանող մարմիններ են։ «Ըստ մեր ունեցած տվյալների՝ վերջին մեկ տարվա ընթացքում գործատուների հետ տարաձայնություններ ունեցել է հարցվածների 33,1 տոկոսը։ Տարաձայնությունների պատճառները հիմնականում եղել են աշխատավարձերի չափերի եւ չվճարելու, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների հետ կապված հարցերը։ Ընդ որում, առաջացած տարաձայնությունները երիտասարդների մեծամասնությունը՝ 50,9 տոկոս, լուծել է գործատուի հետ բանակցելու միջոցով, 18,3 տոկոսը համակերպվել է վիճակի հետ, իսկ 8 տոկոսը՝ հեռացվել աշխատանքից»,- տեղեկացրեց Սարգսյանը։

Նրա հավաստմամբ, հարցված երիտասարդների միայն 49,8 տոկոսն է տեղյակ եղել, որ օրենքով  աշխատանքային օրվա տեւողությունը շաբաթական սահմանված է 40 ժամ, որ աշխատավարձը պետք է վճարվի ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը։ «Երիտասարդները լավ իրազեկված են հատկապես իրենց հասանելիք արձակուրդի ժամկետներից. նրանց  63,7 տոկոսը գիտի, որ արձակուրդի տեւողությունը կազմում է 28 օրացույցային օր»։

Ամփոփելով՝ «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության APR Group ստորաբաժանման ղեկավարը ավելացրեց, որ գործատուի հետ աշխատանքային գրավոր պայմանագրեր ունի հարցված երիտասարդների 61,4 տոկոսը, չունի՝ 38,1 տոկոսը։ «Գործազրկությունն առավել մեծ է 18-21 տարեկան երիտասարդների շրջանում, սակայն հետաքրքիր է, որ երիտասարդների 9,2 տոկոսն առհասարակ չի ցանկանում աշխատել»,- եզրափակել է Սարգսյանը։