«Եթե 2008 թվականին հայ ժողովուրդը նախագահ ընտրեր Վահան Հովհաննիսյանին, ապա մենք այսօր կապրեինք ամբողջությամբ այլ Հայաստանում»,- հունիսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ գալիք նախագահական ընտրություններին կուսակցությունը նորից ներկայանալու է իր թեկնածուով:

Նա նշեց, որ օրերս  կայացած ՀՅԴ  Գերագույն ժողովում քննարկվել են ներքաղաքական հարցեր եւ ընդգծվել  է, որ ստեղծված  իրավիճակից Հայաստանը կարող է դուրս գալ միայն իշխանափոխությամբ: «Արդեն պարզ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ չեն լուծել երկրի համար կենսական հարցեր, հետեւաբար, հանրապետությունում պետք է ձեւավորվի նոր՝ որակյալ վարչակազմ, որն ի վիճակի կլինի հաղթահարել ստեղծված խնդիրները»,-ասել է Ռուստամյանը՝ հավաստիացնելով, որ միակ ուժը ով կլուծի առաջացած խնդիրները Դաշնակցությունն է: Նրա խոսքով, ՀՅԴ համբերությունը հավերժ չէ, եւ պետք չէ այն չարաշահել:

«Եկել է ժամանակը, երբ իշխող վարչակազմի փոփոխությունը դառնում է հայ ժողովրդի ազգային անվտանգության խնդիր»,-ընդգծել է Ռուստամյանը: Նրա խոսքով, Հայաստանում իրոք ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ: «Դեռեւս երբեք հասարակության դժգոհությունը չէր հասել այսպիսի ծայրահեղ աստիճանի, երբեք սոցիալական իրավիճակը այսքան ծանր չէր: Ես հույս ունեմ, որ դա կգիտակցեն նաեւ իշխանությունները»,-նշեց Ռուստամյանը՝ չբացառելով հանրապետությունում սոցիալական բռնկում:  Նա ասաց, որ ամեն նոր ընտրություններում  հետընտրական իրավիճակն ավելի  կլարվի  եւ կրքերը դժվար կլինի հանգստացնել: «Իսկ բոլորն այն պատճառով, որ արդեն մի քանի տարի է հայ ժողովուրդը չի կարողանում ազատ կամարտահայտության հիման վրա իշխանություն ստեղծել»,-ասաց Ռուստամյանը: Ընդ որում, նա նշեց, որ կուսակցությունը պատրաստ  է ցանկացած ֆորս մաժորային դրության եւ ցանկացած պահի կարող է մասնակցել ընտրություներին: «Ընտրությունների ժամանակ իշխանություններն իրենք են «փչացնում» ժողովրդին, այնուհետեւ ուզում են այդ ընտրազանգվածով մեծ գործեր կատարել: Դա անհնար է» ,- նկատեց Ռուստամյանը:

Պատասխանելով ՀՅԴ-ի եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ եղած կապերին, Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն երբեք չի եղել եւ չի լինելու ինչ-որ մեկի կուսակցությունը, եւ նրա առաքելության մեջ չի մտնում այս կամ այն քաղաքական գործչին քաղաքական բեմահարթակ վերադարձնելը: «Դա Քոչարյանի գործն է, թող ինքն էլ գլուխ հանի»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՅԴ Գերագույն ժողովում ներկայացված խնդիրներից շատերը առաջացել են հենց Քոչարյանի կառավարման շրջանում: