Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ իրավիճակը գնալով թեժանում է: Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտավ հանձնաժողովի շենք, որպեսզի ակտիվիստների անունից խնդրի թույլ տալ դրսում գտնվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների մի մասին ներկա գտնվել այսօր՝ հուլիսի 1-ին, ընթացող նիստին, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը:

Շենքից դուրս գալուց հետո Օսիպյանն ասաց, որ հանձնաժողովը 5 րոպեից կտեղեկացնի իր որոշոման մասին։

5 րոպե սպասելուց հետո քաղաքացիներին մոտեցավ հանձնաժողովի ներկայացուցիչը, որը հայտնեց, որ ներսում միայն 2 հոգու համար տեղ կա: Այս տեղեկությունը վրդովեցրեց հավաքվածներին. նրանք պահանջեցին, որ առնվազն 10 մարդ կարողանա ներս մտնել եւ մասնակցել նիստին:

Ակտիվիստները սպառնում են չսպասել հրավերի, ճեղքել ոստիկանական պատն ու մտնել ներս:

Քաղաքացիների պահանջին միացել են նաեւ դրսում հավաքված քաղաքական գործիչները՝ ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյան, Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, ԲՀԿ-ից՝ Վահան Բաբայան, Նաիրա Զոհրաբյան, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյան, Լեւոն Դոխոլյան:

Օսիպյանն անընդհատ բարձրախոսով զգուշացնում է, որ իրենք ամեն ինչ անում են, որ լարվածություն չլինի, սակայն կան ակտիվիստներ, որոնք եկել են հատուկ սադրանք ստեղծելու:

Ակտիվիստներն այժմ պահանջում են, որ դուրս գա եւ իրենց հետ խոսի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, հակառակ դեպքում սպառնում են, որ կփակեն Սարյան փողոցը:

Հիշեցնենք, որ նախաձեռնության՝ հունիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկաններն ուժ էին կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, մոտ երեք տասնյակ անձանց բերման ենթարկել: Մի քանի ցուցարարներ մարմնական վնասվածքներ էին ստացել:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am