Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին կալանավորելու դատարանի որոշումը եղել է ծայրից ծայր անհիմն եւ ընդամենը արտացոլել է քաղաքական վենդետայի հերթական պատվերը։ Այդ մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների կողմից քիչ առաջ Հայաստանի գլխավոր դատախազին հանձնված նամակում։
ՀԱԿ ակտիվիստների նամակն ընդունել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ավագյանն ու խոստացել փոխանցել այն Գլխավոր դատախազին։ Նամակում նշվում է նաեւ, որ Ազատության հրապարակում նստացույց անցկացնելով՝ Դավիթ Քիրամիջյանն ընդամենը փորձել է իրացնել իր սահմանադրական իրավունքը, օգտվել ազատ տեղաշարժի, խոսքի ազատության իր իրավունքներից։ Նամակի հեղինակները գրում են, որ դատարանի տրամադրության տակ է եղել ընդամենը մի ոստիկանի ցուցմունք, եւ հենց Դավիթ Քիրամիջյանին են այդ ընթացքում ծեծի ենթարկել։ «Դավիթ Քիրամիջյանի կալանավորելու որոշում կայացվել է Հայաստանի գլխավոր դատախազի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որն անցկացրել եք Դուք, եւ որից հետո ՀՔԾ քննիչը դիմել է դատարանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քրեադատավարական եւ քրեաիրավական հիմքերը, իսկ դատարանի որոշումը եղել է ծայրից ծայր անհիմն եւ ընդամենը արտացոլել է քաղաքական վենդետայի հերթական պատվերը»,- նշվում է Աղվան Հովսեփյանին ուղղված նամակում։ Նամակի հեղինակները դատապարտում են «կատարված բացահայտ ապօրինություններն» ու պահանջում ենք անհապաղ վերացնել Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ու դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել միջադեպի իրական մեղավորներին։
Հիշեցնենք, որ ՀԱԿ մի խումբ ակտիվիստներ հունիսի 7-ին Կորյունի փողոցում գտնվող ՀԱԿ-ի գրասենյակի մոտից երթ են անցկացրել դեպի Գլխավոր դատախազության շենք՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Երթն անցել է ոստիկանական ուժերի ուղեկցությամբ, եւ որեւէ միջադեպ չի գրանցվել։


























