Երեւանում, այսօր՝ հուլիսի 1-ին, մեկնարկել է «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը:

Կազմակերպիչներն են՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Ֆորումին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդից: Ֆորումում զեկուցումներով հանդես եկան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից:

Ֆորումի աշխատանքներում ներգրավված են մասնակիցներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից: 

Ֆորումին հրավիրված են ՀԱՊԿ անդամ-պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները եւ ռազմական կցորդները, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարները:

Ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեց նաեւ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ֆորումի ընթացքում ելույթներով Հայաստանը ներկայացրին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԶՈՒ-ի Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Նրանք անդրադարձան ՀՀ ԶՈՒ-ի խաղաղապահ ներուժի զարգացման խնդրին, ՀՀ-ի անվտանգության ապահովման համատեքստում խաղաղապահության դերին, Խաղաղապահ բրիգադի՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցության փորձին:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը իր ելույթում հանգամանորեն վերլուծեց խաղաղապահ գործընթացում պետական հաստատությունների կայացման եւ զարգացման դերը՝ այդ համատեքստում կարեւորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունում իրականացվող պետութենաշինական գործընթացը՝ որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւոր գործոն:

Ֆորումի օտարերկրյա մասնակիցները իրենց ելույթներում անդրադարձան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Աֆրիկյան միության խաղաղապահ գործողությունների փորձին: ՀԱՊԿ անդամ-պետությունների մասնակիցները անդրադարձան կազմակերպության խաղաղապահ ներուժի ձեւավորման եւ զարգացման հիմնախնդիրներին:

Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի եւ Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժման, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի ներկայացուցիչները անդրադարձան խաղաղապահ գործողությունների տեսական հիմնախնդիրներին:

Ֆորումի վերջում ընդունվեց Հայտարարություն, որում շեշտվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության եւ անվտանգության ապահովման գործում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող խաղաղապահ գործողությունների դերը, ինչպես նաեւ պետական հաստատությունների կայացման կարեւորությունը հակամարտությունների կարգավորման գործում: Հայտարարությունում շեշտվում է միջազգային իրավունքի նորմերի՝ առաջին հերթին ուժի եւ դրա կիրառումից հրաժարման հիման վրա, հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը: Ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ը, պատասխանատվություն ստանձնելով եվրասիական անվտանգության համար, կարող է դառնալ խաղաղապահ գործողությունների համակարգի գործուն մասնակիցներից մեկը: