Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանին պատկանող էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները պրակտիկորեն շահույթ չունենան: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ին ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին եւ Էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանը:

«Հանձնաժողովը, չասեմ մտումնավոր, անհասկանալի պատճառներով պայմաններ է ստեղծում, որպեսզի ՀՀ-ին պատկանող էլեկտրաէներգիա արտադրող  ձեռնարկությունները պրակտիկորեն շահույթ չունենան, եւ գերշահույթներ ունենան Հրազդանի ՋԷԿ , Հրազդանի 3-րդ  էներգաբլոկը եւ բաշխից ցանցերը: Նրանք երեւի անհատակ շահագրգռվածություն ունեն»,- ասաց Արշակ Սադոյանը, որը նույնպես մասնակցել էր հանձնաժողովի այսօրվա քննարկմանը։

Արշակ Սադոյանի խոսքով՝ նիստի ժամանակ հայտնի են դարձել մի քանի «հանցագործություններ». «Մասնավորապես, խախտվել է օրենքի կարգը եւ թույլատրվել Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկին էլեկտրաէներգիա արտահանել, այն էլ պարզ չէ՝ ում, ինչ գներով, ոնց: Խախտում է, քանի որ արտահանման իրավունք ունի մենակ Երեւանի ՋԵԿ-ը: Պարզվեց նաեւ, որ բաշխիչ էլեկտրական ցանցերի շահութաբերությունն իրենց նշածից երկու-երեք անգամ ավելի է, մոտ 25 տոկոս շահութաբերություն ունի, այնինչ նրանք բողոքում են շահութաբերությունից»:

Պարոն Սադոյանը անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, իսկ հանձնաժողովի նիստից սպասումներ ի սկզբանե չի ունեցել:

«Նիստը շատ հաճախ ֆորմալ բավանդակություն է ունենում, որովհետեւ նախօրոք ամեն ինչ որոշված է, դա ընդամենը շղարշի կամ ցուցադրական բնույթ է կրում: Արդյունքի պետք է հասնել համաժողովրդական բողոքի ալիքի ճանապարհով»,- ասաց Արշակ Սադոյանը:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր՝ հուլիսի 1-ին, միաձայն որոշում կայացվեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 3,85 դրամով: