ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների համար, որոնք դեռեւս չեն անդամակցել կառույցին: «Մենք բաց ենք նաեւ Համագործակցության (ԱՊՀ) մյուս պետությունների համար»,- ռուսական դիվանագետների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է Պուտինը:

«Ընկերական ջերմ հարաբերությունների ամրապնդումը, հարեւանների հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը երկարատեւ հեռանկարի համար նախատեսված Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարական ուղղությունն է»,- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ՌԴ նախագահը:

Նա հիշեցրել է մայիսի 29-ին Աստանայում Եվրամիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման մասին, որը «խորհրդանշում է մեր փոխգործակցության՝ որակապես նոր մակարդակի մասին»:

«Եվրասիական տարածաշրջանում ստեղծվում է հզոր, բիզնեսի եւ ներդրողների համար գրավիչ տնտեսական զարգացման կենտրոն, ձեւավորվում է ընդհանուր շուկա»,- հավելել է Պուտինը:

Նա նկատել է, որ նոր միավորումն «օբյեկտիվորեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ գործընկերների շրջանում»: Մասնավորապես շուտով Միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցությունները նույնպես «առաջընթացի փուլում են»: