Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որպեսզի ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Սեւաստոպոլ, եւ արմատապես փոխվի մերձսեւծովյան հատվածում ուժերի հավասարակշռությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում։
«Մենք իրավունք չունեինք Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչներին թողնել պատերազմող ազգայնականների եւ ծայրահեղականների կամայականությանը։ Չէինք կարող թույլ տալ, որպեսզի էականորեն սահմանափակվեր մեր մուտքը սեւծովյան տարածք, որպեսզի Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածք բավականին արագ ՆԱՏՕ-ի զորքերը ներխուժեին եւ Մերձեսւծովյան տարածքում արմատապես փոխվեր ուժերի հավասարակշռությունը», - ասել է ՌԴ նախագահը, հաղորդում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը այսուհետ եւս կպաշտպանի ռուսների եւ արտասահմանում հայրենակիցների շահերը։
«Ես ուզում եմ, որպեսզի բոլորն իմանան, որ մեր երկիրը այսուհետ եւս կշարունակի պաշտպանել ռուսների եւ արտասահմանում մեր հայրենակիցների շահերը եւ դրա համար կօգտագործի առկա միջոցների ամբողջ զինանոցը. քաղաքական ու տնտեսական միջոցներից մինչեւ միջազգային իրավունքում նախատեսվող մարդասիրական գործողությունները, ինքնապաշտպանության իրավունքը», - ընդգծել է Պուտինը։





























