Բավարիայում երեխան 4135 եվրո է գտել, երբ հայրը բանկում հաշվից գումար էր հանում:

Երեխան խաղում էր բանկոմատների մոտակայքում եւ նայել էր նրանցից մեկի մեջ: Այնտեղ նա թղթադրամներ էր հայտնաբերել:

Հայրն ու որդին վարվել են ինչպես ազնիվ քաղաքացիներ եւ գտածի մասին հայտնել են Նոյ-Ուլմ քաղաքի ոստիկանությանը: Գումարը նրանք փոխանցել են բանկին, որին պատկանում էր բանկոմատը:

Ենթադրվում է, որ գումարն այնտեղ հայտնվել էր տեխնիկական անսարքությունների հետեւանքով, գրում է « Handelsblatt »-ը:

Լուրերի համաձայն՝ բանկը շնորհակալություն է հայտնել գումարը հայտնաբերողներին պարգեւատրությամբ, որի չափը չեն հայտնում, հաղորդում է «Euromag.ru»-ն:

Բավարացիներն առանձնանում են ազնվությամբ եւ գումարային հարցերում իրենց զգոնությամբ. Վերջերս Մյունխենի բնակչուհին տրանսպորտում 80 հազար եվրոյով պայուսակ էր գտել եւ նույնպես վերադարձրել էր տիրոջը: