ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը հոգեկան խանգարում է ստացել եւ հունիսի 30-ի առավոտյան տեղափոխվել սթրես-կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

«Դերենիկի մահվանից արդեն 20 օր է անցել, սակայն մոր վիճակը ոչ մի կերպ չի բարելավվում: Պատկերացրեք՝ որդու գերեզմանին էլ դեռ չի գնացել: Երկու օր առաջ սկսեց քիչ-քիչ քայլել, երեկ նորից վատացավ, տարանք մասիվի հիվանդանոց, որտեղից միանգամից տեղափոխեցին սթրես-կենտրոն, որդու մահվան հետ չի հաշտվում, ահավոր ծանր է տանում: Չգիտենք՝ ինչ կլինի: Անընդհատ որդուն է ուզում, ասում է՝ ես առանց իրեն չեմ կարող ապրել»,- ասաց նա:

Հարեւանուհու խոսքով՝ այս պահին բոլոր հարազատներն ամեն ինչ անում են, որ կարողանան մորը սթրեսից հանել:

«Հայրն էլ էր մի քանի օր հիվանդանոցում, նախաինֆարկտային վիճակում է, պետք է պառկի հիվանդանոցում, բայց չի համաձայնվում: Բարձր ճնշումով ման է գալիս, փորձում է էնպես անել, որ կնոջը հանի այս վիճակից: Մի ամբողջ ընտանիք քայքայվում է»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով գործով կալանավորված Վոլոդյա Բաբիկյանին, որին Դերենիկի մայրը չի ցանկանում դատված տեսնել, հարեւանուհին նշեց, որ հարազատներն այնպես են խառնվել Դերենիկի ծնողների առողջության համար, որ ժամանակ չեն ունենում այդ հարցով զբաղվել:

«Յոթի օրը Վոլոդյայի հայրը եկել էր գերեզմանոց, հանդիպել Դերենիկի հոր հետ, պատմել, թե ինչ մոտ ընկերներ են եղել Վոլոդյան ու Դերենիկը: Մնացած մանրամասներ չգիտեմ: Թե ինչ կլինի այդ տղայի ճակատագիրը չգիտենք, հիմա բոլորս Դերենիկի մոր ու հոր առողջության մասին ենք միայն մտածում»,- ասաց հարեւանուհին:

Նշենք, որ Դերենիկը ծառայում էր ԼՂՀ-ում, եղբոր հետ նույն զորամասում: Վերջինս ծառայությունից ազատել են:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, ձերբակալվել էր Դերենիկի ամենամոտ ընկերը՝ Վոլոդյա Բաբիկյանը: Նրան հունիսի 14-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով եւ կալանավորվել էր: