Ղրղզստանում իրավապահ  մարմինների աշխատակիցները ձերբակալել են 15 դիպուկահարների, ովքեր այս տարվա ապրիլի 7-ին Բիշքեկում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ կրակել են ցուցարարների վրա։ Այս մասին հունիսի 7-ին հայտարարել է հանրապետության ժամանակավոր փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովը։

«Այժմ նրանք գտնվում են Ազգային անվտանգության պետական ծառայության մեկուսարանում եւ ցուցմունքներ են տալիս»,- ասել է նա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի իրադարձությունների ժամանակ Բիշքեկի գլխավոր հրապարակում՝ կառավարության շենքի կողմից, մի քանի ժամ շարունակ ընդդիմության կողմնակից ցուցարարների ուղղությամբ կրակել են։ Հակամարտության արդյունքում զոհվել էր 91 մարդ, մեկուկես հազար մարդ վնասվածքներ էր ստացել։