Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից երկու տարի շարունակ՝ 2007-2008թթ. կատարված  առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 12 անձի:

Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ դեռեւս  2008թ. հունիսի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի  205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` 2007-2008թթ. ընթացքում «Միկ-Մակ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Հիշյալ քրեական գործին հետագայում  միացվել են եւս երկու քրեական գործեր՝ հարուցված «Հովհան Սաք» ՍՊ ընկերության կողմից 2007թ. ընթացքում հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու եւ Հ.Ն.-ի կազմակերպմամբ «Ռազլույս» եւ «Տիտա Լամինատ Ֆլոր» ՍՊ ընկերությունների տնօրենի կողմից ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, կեղծ ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքերի առթիվ:  

Գլխավոր դատախազի ցուցումով նշված քրեական գործը 2010թ. ապրիլի 7-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ընդունվել  վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երկու տարի շարունակ միեւնույն ընկերությունների անվամբ ձեւակերպվել է, թե  Հայաստան են ներկրվել պոլիէթիլենային հումք, շինարարական մեխ, ինքնակպչուն ժապավեն եւ ցածր մաքսային արժեքով հարկվող կամ ընդհանրապես չհարկվող նույնատեսակ այլ ապրանքներ: Նախաքննությամբ ապացուցվել է, որ դրանց անվան տակ, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պահանջով փաստացի ներկրվել է մի քանի միլիարդ դրամի հասնող տարբեր տեսակի կենցաղային ապրանք, էլեկտրատեխնիկա, շինանյութ եւ այլն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության երեք աշխատակցի 2010թ. հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար:  Ընդհանուր առմամբ, քրեական գործով արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել 12 անձի, մեկի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ կազմակերպված խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: