Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Աբդուլ Սատար Հավասին կոչ է արել հրապարակայնորեն կտտանքների ենթարկել քրիստոնյա դարձած մահմեդականներին։
Պատգամավորի զայրույթն առաջ են բերել տեղական հեռուստաալիքով ցուցադրված աֆղանցիների մկրտության եւ աղոթքի կադրերը։ Հավասին կոչ է արել հրապարակայնորեն պատժել հոլովակի մասնակիցներին, հայտնում է «Ինտերֆաքս-Կրոն»-ը։
Քաբուլի համալսարանի հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով երկրից վռնդել օտարազգի միսիոներներին: Արդյունքում, Աֆղանստանում դադարեցվել են նորվեգական «Եկեղեցական օգնություն» եւ ամերիկյան «Համաշխարհային եկեղեցական ծառայություն» կազմակերպությունների աշխատանքները։
Իրավապահների տվյալներով, ներկայումս շատ աֆղանցի քրիստոնյաներ իշխանությունների կողմից հաշվեհարդարի ենթարկվելու վախից ծպտված են մնում։



























