Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցի շրջանակում հուլիսի 6-ին պաշտոնական այցով կժամանի Արգենտինա: Այս մասին տեղեկացնում է terra.com կայքը:

Հաջորդ օրը Սերժ Սարգսյանին կընդունի Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի:

Մեր երկրի ղեկավարը հանդիպումներ կունենա Արգենտինայի խորհրդարանի զույգ պալատների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում նա կլինի նաեւ Բուենոս Այրեսի հայաբնակ Պալերմո շրջանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության ապագա թանգարանի հիմնարկեքի արարողությանը:

Արգենտինայի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Հայ ներգաղթյալների հրապարակ, որը վերանվանվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ներգաղթյալների պատվին:

Տարածաշրջանային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը կլինի նաեւ Ուրուգվայում եւ Չիլիում: