Թեեւ Գերմանիայում բոլոր ջանքերը գործադրվում են աղբի վերամշակման եւ դրա քանակի նվազեցման ուղղությամբ, գերմանացիները ավելի շատ աղբ են «արտադրում», քան ԵՄ մյուս երկրների բնակիչների մեծ մասը: 2012 թվականին այդ երկրի յուրաքանչյուր բնակիչ դուրս է նետել միջինը 611 կգ աղբ, ինչը համապատասխանում է օրական 1,7 կգ-ին, հաղորդում է վիճակագրական դաշնային ծառայությունը: ԵՄ-ում միջին ցուցանիշը կազմում է տարեկան 492 կգ:
Էլ ավելի շատ աղբ են «արտադրում» Լյուքսեմբուրգի (տարեկան 662 կգ), Կիպրոսի (663 կգ) եւ Դանիայի (668 կգ) բնակիչները: վերջին տեղում են Էստոնիան (279 կգ) եւ Լատվիան (301 կգ), հաղորդում է DW-ն:
Փոխարենը Գերմանիան ԵՄ-ում առաջին տեղում է երկրորդական վերամշակման ծավալների ցուցանիշով: Թափոնների 65 տոկոսը այս երկրում վերամշակվում է, մնացածն՝ այրվում: ԵՄ-ում վերամշակվող թափոնների միջին ցուցանիշը 42 տոկոս է:




























