ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:
«Համապատասխան պայմանագրերի ստորագորումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերին Մինսկում՝ ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը», - Twitter-հեռարձակման ժամանակ ասել է Իդրիսովը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, փոխանցում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեսպանների հետ հուլիսի 1-ին կայացած հանդիպմանը հույս էր հայտնել, որ Հայաստանը շատ շուտով կդառնա ԵՏՄ անդամ:
Ըստ նրա՝ նոր միավորումը «մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ գործընկերների մոտ: Մասնավորապես, արդեն շուտով Միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղըզստանի հետ բանակցությունները եւս «առաջընթաց փուլում են»:
Իր հերթին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի անդամակցության պայմանագիրն ուղարկել է ներպետական համաձայնեցման:




























