ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության ուղղությունն ընտրեց իր իշխանությունը պահպանելու համար , հուլիսի 2-ի մամուլի ասուլիսում տեսակետ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ Սարգսյանը որեւէ այլ դրդապատճառով չի առաջնորդվել:
«Սա ակնհայտ է, քանի որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին մեզ ձեռնտու չէ ոչ մի տեսանկյունից՝ որ տնտեսական, ոչ անվտանգության, ոչ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման», - կարծում է ընդդիմադիրը:
Լրագրողների հարցին, թե ինչու է ձգձգվում Հայաստանի անդամակցության գործընթացը, Մարտիրոսյանը պատասխանել է. «Ոչ Ռուսաստանը, ոչ էլ այսպես կոչված գործընկերները շահագրգռված չեն, որպեսզի մենք անդամակցենք այդ կառույցին: Ոչ ոք չի ցանկանում ավելորդ բերան կերակրել»: Բացի դրանից, «Ժառանգության» ներկայացուցիչը վստահ է, որ Կրեմլը Երեւանին չի ընկալում որպես իրավահավասար գործընկեր: Ավելին, ըստ նրա, Մոսկվայի հիմնական նպատակը Հայաստանին կազմակերպությունում տեսնելը չէր, այլ վերջինիս կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կանխելը, որն «անընդունելի դիրքորոշում է ռազմավարական գործընկերոջ նկատմամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը մշտապես զինում է հարեւան Ադրբեջանը»:
Վերջում Մարտիրոսյանը հավելել է, որ «Ժառանգությունը» կողմ է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ Հայաստանի սերտ հարաբերություններին, սակայն հանդես է գալիս հանրապետության եվրաինտեգրման պաշտպանությամբ:





























