Հուլիսի 2-ին Զվարթնոց օդանավակայանում բոլորի ուշադրությունը գրավում էր պատանիների մի խումբ: Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմն այսօր մեկնեց Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք, որտեղ անցկացվելու է հրշեջ-փրկարարների 2-րդ միջազգային հավաք-մրցույթը, ապա կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Գոմելի շրջանում անցկացվող պատանի հրշեջ-փրկարարների 12-րդ հավաք-մրցույթին մասնակցելու:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավաքի ընթացքում թիմերը մասնակցելու են մրցութային մարզական եւ մշակութային տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ ներկայացնելու են իրենց երկիրն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցները: Այս տարի իրենց մասնակցությունն են ունենալու 17 երկրի խմբեր:
2014թ.-ի ապրիլի 10-ին կազմակերպվել էր Երեւանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնություն, որին մասնակցություն են ունեցել յուրաքանչյուր վարչական շրջանից մեկական թիմ, որոնք վարչական շրջաններում նախապես կազմակերպված մրցման արդյունքում հաղթող են ճանաչվել: Այդ հաղթող թիմերից ձեւավորվել է Երեւանի հավաքական թիմը, որը մասնակցել է մրցույթի հանրապետական առաջնությանը: Հենց այդ մրցույթի արդյունքում ձեւավորվել է պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաք-մրցույթին այս տարի մասնակցող ՀՀ հավաքական թիմը:
ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարներին ուղեկցում էին թիմի ղեկավար Ա. Սարգսյանը եւ փ/ծ մայոր Ա. Գյուրջինյանը: Խմբին ճանապարհելու էր եկել նաեւ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը, ով հաջողություն մաղթեց պատանիներին եւ հաղթանակի սպասումներն արդարացնողներին ըստ արժանվույն դիմավորելու ցանկություն հայտնեց:
2013թ.-ին մասնակցելով Բելառուսի Հանրապետությունում անցկացվող պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ հավաքին` ՀՀ ԱԻՆ պատանեկան թիմը սպորտլանդիայում գրավել էր 2-րդ, իսկ գեղարվեստական մրցույթում` 3-րդ տեղը:
Այս տարի, ինչպես եւ նախորդ տարի, հավաքին մեկնում էին բարձր տրամադրությամբ եւ մեծ ակնկալիքներով: Պատանի փրկարարների եւ նրանց խմբի ղեկավարների հավաստմամբ` հաղթելու ցանկությունն, անկասկած, մեծ է, բայց կարեւորը երկրի անունը բարձր պահելն ու լավ հանդես գալն է:
ԱԻՆ պատանեկան թիմը կազմել են 7 պատանիներ` Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:





























