Ոչ ոք շահագրգռված չէ Եվրոպայի նոր բաժանմամբ, Գերմանիայի մայրաքաղաքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ավարտից հետո: Դրանով նա մեկնաբանել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի տեսակետների տարբերությունը՝ Ուկրաինայի ճգնաժամի հարցում:
Ռասմուսենը կարծում է, որ ներկայիս իրավիճակը «սպառնում է անվտանգությանը եւ խաղաղությանը, որը ձեռք էր բերվել Բեռլինի պատի անկումից հետո»: Ըստ նրա՝ «ոչ ոք չի ցանկանում, որպեսզի նորից սառը պատերազմ սկսվի», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ցանկանում նոր բաժանարար գծեր մեր մայրցամաքում», - ասել է Ռասմուսենը: «Ես Ռուսաստանին կոչ եմ անում նորից խորհել իր ուղղության մասին», որպեսզի սկսվի վստահության վերականգնման գործընթացը, նշել է նա:
ՆԱՏՕ-ն հավատարիմ է իր անդամների անվտանգությունն ապահովելու գաղափարին, հենց այդ պատճառով էլ դաշինքը «հետագա քայլեր կձեռնարկի, եթե հարկ լինի», նշել է Ռասմուսենը: «Մեր ձեռնարկած բոլոր միջոցները տեղին են պաշտպանության տեսակետից եւ ամբողջությամբ համապատասխանում են մեր միջազգային պարտավորություններին», - հայտարարել է նա:



























