Մոսկվան Կիեւից վճռականորեն պահանջում է հրաժարվել խաղաղ քաղաքների եւ գյուղերի գնդակոծումներից, վերադառնալ իրական հրադադարի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի արեւելքում նոր զոհերի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուկրաինայի իշխանություններից կրկին վճռականորեն պահանջում ենք, եթե նրանք ի վիճակի են առողջ գնահատել իրենց վարած հանցավոր քաղաքականության հետեւանքները, հրաժարվել իրենց պետության խաղաղ քաղաքների ու գյուղերի  գնդակոծումներից, վերադառնալ իրական հրադադարի՝ մարդկանց կյանքը պահպանելու համար, ընդգծվում է  ռուսական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում: -  Ուկրաինայի քաղաքական խնդիրները  երկրի քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով լուծելը հազիվ թե համապատասխանում է քաղաքակիրթ եվրոպական հանրության նորմերին, որոնց այսօր հավակնում է Կիեւը»: