Հայաստանի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագիրը ճանաչվել է Համաշխարհային բանկի` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» մրցույթի 2010թ.-ի 12 հաղթողներից մեկը: Այդ կապակցությամբ հունիսի 7-ին Համաշխարհային բանկի տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Օլիվյե Լե Բերը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին հանձնել է պատվոգիր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Վարդանյանն ասել է, որ Համաշխարհային բանկի եւ կառավարության մասնագետները այս վարկային ծրագիրը նախագծել, քննարկել եւ վավերացրել են յոթ շաբաթվա ընթաքում եւ այն մոտենում է ավարտին:
Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքում գյուղական համայնքներում ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր, բարելավվել է հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Նախատեսված 250 կմ կենսական ճանապարհների ցանցից 150 կմ-ն արդեն վերակառուցվել է:
Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր: Այս ծրագրով նախատեսվում է կառուցել մոտ 190 կմ ճանապարհահատված:


























