Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ Ֆրանսիայի բարձրագույն կրթության եւ հետազոտությունների նախարարության միջազգային բաժնի հետազոտությունների պատասխանատու Ժան Լուկ Կլեմենը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ այս հանդիպումը վերջերս Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահի եւ Ֆրանսիայի կրթության նախարարի հետ հանդիպումների տրամաբանական շարունակությունն է: Վերջինիս խոսքով` այցելությունները իմաստավորվում են, երբ տեղի են ունենում դրանց հաջորդող շարունակական գործընթացներ եւ հետեւողական մոտեցում` նախանշված ձեռնարկներին: Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու երկրների համագործակցության ոլորտում ուրվագծվել է աշխատանքների ընդհանուր շրջանակը, այն է` երիտասարդ գիտական կադրերի պատրաստում եւ հետազոտությունների անցկացում արտերկրում:  Նախարարը կոչ է արել  նոր պայմաններ ստեղծել վերջիններիս համար` հաշվի առնելով երկկողմանի եւ միջազգային ծրագրերը, մասնավորապես, եվրոպական գիտական նոր նախագիծը` «Հորիզոն-2020»: Բացի այդ, Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպել հայ-ֆրանսիական գիտաժողով` ներգրավելով բուհերի ներկայացուցիչներին: «Ֆրանսիան այն քաղաքակիրթ երկրներից է, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել 100-ամյակի միջոցառումներին»,-այդ կապակցությամբ նշել է նախարարը:

Դեսպանի խոսքով` գիտահետազոտական ոլորտում երկու երկրների միջեւ առկա է լայն համագործակցություն, մասնավորապես, երկրաբանության, աստղաֆիզիկայի, բժշկագիտության եւ հնէաբանության ոլորտներում: Նա նշել է որդեգրած քաղաքականության երեք բաղադրիչ` ամրապնդել առկա համագործակցությունը, լրացնել բացերը եւ ընդհանուր նոր եզրեր գտնել` գիտահետազոտական ոլորտում:

Ժան Լուկ Կլեմենն իր հերթին նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարգավիճակ ունի Ֆրանսիայի կրթության նախարարության համար, մանավանդ, որ Ֆրանսիան Հայաստանի գործընկերների թվում` գիտաահետազոտական ոլորտում զբաղեցնում է չորրորդ տեղը` ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ Գերմանիայից հետո: Ըստ նրա`  անհրաժեշտ է սերտացնել այդ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երիտասարդ գիտաշխատողների,  թեզերի պաշտպանության համատեղ համակարգի, դիպլոմների փոխճանաչման, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու եւ այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը հրավիրել է Ֆրանսիայի կրթության նախարարին` այցելել Հայաստան ինչպես երկկողմանի այցի, այնպես էլ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում: