ՆԱՏՕ-ն պատրաստ է նոր երկարաժամկետ քայլեր ձեռնարկել արեւելյան սահմանների իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով, եթե պահանջվի, կշարունակի ուսումնասիրել նաեւ ուժերի տեղաբաշխման ընդլայնման հնարավորությունները, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«ՆԱՏՕ-ի նպատակը մեր երկրների անվտանգության, մեր մոլորակի կայունության, իսկ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ կապի կայունության պահպանումն է։ Մենք վճռական գործողություններ ենք ձեռնարկել անվտանգության ապահովման համար, եւ անհրաժեշտության դեպքում ավելի շատ քայլեր կձեռնարկենք։ Մեր կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումները պաշտպանական են եւ լիովին համապատասխանում են մեր միջազգային պարտավորություններին», - ասել է Ռասմուսենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական բազայի առկայությունը, գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Ներկայումս մենք այդ հարցն ուսումնասիրում ենք»։

«Այժմ մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր քայլերը, երկարաժամկետ միջոցառումները մեր կոլեկտիվ պաշտպանության ուժեղացման նպատակով, ինչը ներառում է գոյություն ունեցող պաշտպանական ծրագրերի վերամշակում, նոր պաշտպանական պլանների զարգացում, ուսումնական զորավարժանքների ընդլայնում, ինչպես նաեւ համապատասխան (ուժերի) տեղակայում։ Ես ակնկալում եմ, որ «գործողություններին պատրաստակամության պլանը» այսպես կոչված  փաթեթը կընդունվի վեհաժողովին (սեպտեմբերի սկզբին)», -ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։