Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդանշական է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մինսկ այն օրերին, երբ Բելառուսը նշում է հանրապետության ազատագրման 70-ամյակը գերմանա-ֆաշիստական զավթիչներից:

Նրա խոսքով՝ Պուտինի ներկայությունը տոնական արարողություններին «իսկապես, ինչպես գրում են մեր ընկերներն ու թշնամիները, խորհրդանշական է»:

«Այո, սա խորհրդանշում է մեր միասնությունն ու ծոսում այն մասին, որ մենք ինչպես այն ժամանակ էինք միասին, այնպես էլ հիմա»,- ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե պետք է, մենք մեջք մեջքի կկանգնենք եւ կպաշտպանվենք, մենք կպայքարենք, ինչպես ժամանակին ենք միասին պայքարել»,- ընդգծել է նա:

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ռուս ղեկավարին օգնության եւ աջակցության համար, որը Ռուսաստանը ցուցաբերում է երկրին, նրա տնտեսությանը:

«Մենք դա հիշում ենք, եւ հավատացեք, Ռուսաստանն ու Բելառուսն աստիճանաբար դուրս կգան համաշխարհային այս ճգնաժամից, եւ համոզված եմ, որ մենք ոտքի կկանգնենք, մեր տնտեսություններն ավելի կամրապնդվեն»,- ընդգծել է Լուկաշենկոն: