Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն, այսօր՝ հունիսի 2-ին, նշել է Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական են տվել հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:
Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշել է. «Ուժեղ Հայաստանը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Մեր խորացող տնտեսական եւ մշակութային կապերը այս երկրում մեր ունեցած բազմաթիվ գործընկերությունների արգասիքն են: Հուսով եմ, որ այսօր բոլորս կխոստանանք աշխատել միասին՝ խորացնելու կապերը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ»: Նա ողջունել է այն բազմաթիվ խմբերին, կազմակերպություններին ու անհատներին, որոնք գործակցում են ԱՄՆ դեսպանության հետ եւ խրախուսել, որ նրանք գործակցեն նաեւ միմյանց հետ:
Երեկոյի ընթացքում հնչում էր ամերիկյան քանթրի երաժշտություն հայկական «Իմեջին բենդ» խմբի կատարմամբ եւ ներկայացվում էին քանթրի խմբապարեր «Նանե» պարային ստուդիայի կողմից: Գագիկ Գինոսյանը եւ նրա «Կարին» համույթը ներկայացնում էին հայկական ավանդական երգ ու պար:
Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը եւ Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին:





























