Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:  Այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում: 

Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են սակավաթիվ ոչ մեծ արժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաեւ մասնավոր ներդրումներին, մասնավորապես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Անփոփոխ մնալու պարագայում երկրի արտահանման ներկայիս զամբյուղը որեւէ կերպ չի նպաստի գլոբալ մրցակցության պայմաններում երկրի խոցելիությունների մեղմմանը եւ կհանգեցնի աճի հետագծի իջեցման: Բացի այդ, որակի ազգային ենթակառուցվածքը Հայաստանում թույլ կողմեր շատ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիական վերազինման հարցում եւ բացասաբար են անդրադառնում երկրի արտահանումների մրցունակության վրա: 

«Դեպի բարձր եկամուտներ անցում կատարելու համար հիմնական շարժիչ ուժը առեւտուրն է: Այս ծրագիրը կնպաստի այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի իրագործմանը, որոնց միջոցով կարդիականացվեն Հայաստանի ֆիզիկական, մարդկային եւ ինստիտուցիոնալ ակտիվները, որոնք խիստ անհրաժեշտ են արտահանման մրցունակությունը տեւականորեն ապահովելու համար, - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին, -  երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կարգավորի այն կառուցակարգային սահմանափակումները, որ կան ներդրումների ու արտահանման ճանապարհին»:

Ծրագրի ներքո աջակցություն կցուցաբերվի հետեւյալ հարցերում.

(1) առեւտրի խթանման արդյունավետության եւ որակի համակարգի բարելավում Հայաստանում.

(2) ներդրումների ու արտահանման խթանում՝ տեղական արտահանողների արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանը ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու եւ օգտակար գործողության բարձր գործակիցներ ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներներ գրավելու միջոցով. եւ

(3) արդիականացնել որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման միջոցով:

«Արտահանումն ուուղղակի օտարերկրյա ներդրումները շեշտակի ավելացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր ինստիտուցիոնալ դաշտ, - ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ֆեյի Բորոֆիսը, - ծրագիրը կապահովի խթաններ մեծացնելու կառավարության գործունեության արդյունավետությունը՝ ընկերություններին առեւտրի խթանման ու որակի ենթակառուցվածքի ծառայություններ մատուցելու ասպարեզում»:

Ծրագրի ուղղակի շահառուներ կլինեն թե՛ ներկայիս, թե՛ ապագա կամ հնարավոր արտահանողները, որոնց համար կապահովվեն որակյալ ծառայություններ եւ կգործեն առեւտրի խթանման եւ որակի առավել արդյունավետ համակարգեր: Կշահեն նաեւ այն օտարերկրյա ընկերությունները, որոնք պատրաստվում են ներդրում կատարել Հայաստանում, ինչպես նաեւ տեղական ընկերությունները, որոնց համար զգալի կլինեն ուղղակի օտարերկրյա ներդրումների անուղղակի դրական ազդեցությունները: Բացի այդ, ոլորտի ու կրթական համակարգի համագործակցությունը խթանելու արդյունքում այս աշխատանքները մեծապես կնպաստեն նաեւ բուհերի, հետազոտական կառույցների ու ձեռնարկությունների գործունեությանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետեւյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարվա մարման ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: