ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կողմերին օժանդակություն ցուցաբերելու գործին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այս մասին հուլիսի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

 «Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Օլանդի հրավերը՝ Փարիզում հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, եւ  որ նրանք կհամաձայնեն կառուցողական բանակցություններ վարել, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնագրի: Մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը եւ կենտրոնանալ այն առավելությունների վրա, որոնք կբերի  խաղաղ կարգավորումը»,- հայտարարել է Փսակին:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների եւ հայկական  գյուղերի գնդակոծման  մասին հարցին՝ Փսակին ընդգծել է, որ «բորբոքված հռետորաբանությունը եւ հայտարարությունները հակասում են լարվածության թուլացման սկզբունքին, այդ պատճառով մենք կարծում ենք, որ դա վնասում է խաղաղ գործընթացին: Հենց դրա համար մենք նրանց կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը»,- հայտարարել է նա:

Ի պատասխան հարցին՝ ծանոթ է արդյոք Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը խաղաղ բնակավայրերի գնդակոծման մասին հրապարակումներին, Փսակին հայտարարել է, որ այդ պնդումների հաստատում չունի, բայց հստակ է, որ խաղաղ կարգավորումը երկու երկրների շահերից է բխում»: