Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Ուկրաինայում ձեւավորվել է բանակ, որն ունակ է հաղթել: УНН-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
«Ուկրաինայում հաղթելու ունակ բանակ է ձեւավորվել»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ նման եզրահանգման է եկել հակաահաբեկչական գործողության գոտում անձամբ լինելուց հետո:
Պորոշենկոյի այս հայտարարությանը Տարածաշրջանների կուսակցության մի մասը դժգոհ բացականչություններով է արձագանքել, իսկ պատգամավոր Ելենա Բոնդարենկոն, խոսելով բանակի մասին, գոչել է. «Եվ որը սպանում է մարդկանց»:
Նախագահն իր հերթին նկատել է, որ «պետք է պաշտպանենք մեր բանակը եւ չլսենք արտասահմանյան քարոզչության երգեցիկ ձայները»:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հակաահաբեկչական գործողության ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում ռուսամետ ակտիվիստներից Դոնբասի չորս քաղաք են ազատագրել:





























