Հունվարի 1-ից Էստոնիան մուտք կգործի եվրոպական միասնական արժույթի` եվրոյի գոտի։ Նման որոշում են կայացրել եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները, սակայն այդ որոշումը դեռ պետք է հաստատվի Եվրամիության  գագաթնաժողովում, որը կայանալու է այս ամսվա կեսերին:  

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Էստոնիան համապատասխանում է եվրոգոտի մտնելու համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին, սակայն փորձագետները համարում են, որ եվրոյի գոտի մտնելու համար պահը բոլորովին էլ հարմար չէ:

Եթե, այնուամենայնիվ, Էստոնիան մտնի Եվրոյի գոտի, ապա այդ գոտու երկրների թիվը կհասնի 17-ի: Բացի այդ, Էստոնիան կդառնա նախկին ԽՍՀՄ երկրներից առաջինը, որ իր երկրի տարածքում ազգային արժույթ կդարձնի եվրոն:

Հիշեցնենք, որ այս պահին Եվրոյի գոտում են Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Ֆրանսիան: