Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն եւ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը պայմանավորվել են ազգային արժույթներով վճարումների հիման վրա ուղիղ առեւտրի շուկայի կազմակերպման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությանը:

Այս որոշումը կոչված է նվազեցնելու առեւտրային գործողությունների մասնակիցների կախվածությունը ԱՄՆ դոլարի տատանումներից, ընդգծում է գործակալությունը: Երկու երկրների ղեկավարները ցանկություն են հայտնել նաեւ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը ազատ առւտրի գոտու ստեղծման երկկողմ բանակցություններ կազմակերպել:

Բացի այդ, կողմերը կրկին հաստատել են ԿԺԴՀ-ի հրթիռային եւ ատոմային ծրագրերի դեմ իրենց տեսակետը:

Մասնավորապես, Պակ Կին Խեն հայտարարել է, որ Հարավային Կորեան եւ Չինաստանը խստորեն քննադատում են ԿԺԴՀ-ի ատոմային փորձարկումները եւ այդ երկրում ցանկացած ատոմային տեխնոլոգիաների հետագա զարգացումը: Իր հերթին, Սi Ցզինպինը ընդգծել է, որ «Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացին պետք է հասնել բանակցությունների եւ երկխոսության ճանապարհով» եւ որ «Չինաստանը աջակցում է Կորեական թերակղզու խաղաղ վերամիավորմանը»: