Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված «Իրաքում եւ Շամում (Լեւենտում) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից առեւանգված 32 թուրք վարորդներ ազատ են արձակվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ անհայտ վայրում 23 օր պատանդ մնացած թուրք վարորդներին ԻՇԻՊ-ի գրոհայինները ավտոբուսով ուղարկել են Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատված, որտեղ նրանց դիմավորել է Էրբիլում Թուրքիայի հյուպատոսը։
Նշվում է, որ Էրբիլից թուրք վարորդներին օդանավով ուղարկելու են Անկարա։ Վարորդները նշել են, թե իրենց ազատ են արձակել, սակայն բեռնատարները դեռեւս ԻՇԻՊ-ի ձեռքերում են։
Նշենք, որ դեռեւս ԻՇԻՊ-ի ձեռքերում են գտնվում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսը եւ մյուս թուրք դիվանագետները։































