Ֆրանկֆուրտն առաջինն է, որ Գերմանիայում անվանվել է Ծառերի եվրոպական քաղաք:

Քաղաքն այս տիտղոսին արժանացել է 21 երկիր ներկայացնող փորձագետների միջազգային հանձնաժողովի կողմից: Կոչումը շնորհվում էր 2007թ.-ից ի վեր:

Կանաչ գոտիների պլանավորման ֆրանկֆուրտյան ծառայության ղեկավար Շտեֆան Հելդմանի խոսքով՝ քաղաքում առաջ ծառերը դիտարկվում էին որպես ճանապարհների եզրերի դեկորատիվ տարր, իսկ այժմ դրանց ավելի մեծ նշանակություն է տրվում, հաղորդում է «Euromag.ru »-ն՝ վկայակոչելով «Frankfurter Allgemeine Zeitung»-ին:

Ծառերը ճանաչվել են քաղաքի շրջակա միջավայրի տարր: Այպես, մեռած ծառերն այլեւս չեն կտրում, եթե կան բույներ կամ փչակներ: Բացի այդ, մասնագետները հիշեցնում են, որ ծառերը բարելավում են բնակիչների կյանքի որակը՝ մաքրելով օդն ու տապի ժամանակ ստվեր առաջացնելով:

Ֆրանկֆուրտի բոլոր ծառերը հատուկ մատյանում են գրանցել, որի համաձայն պարբերաբար ստուգումներ են անցկացնում ու անհրաժեշտ խնամք իրականացնում: Ֆրանկֆուրտում հասուն ծառը կարող են կտրել միայն այն ժամանակ, երբ դրա փոխարեն նորն են տնկում կամ 300-400 եվրո վճարում կանաչապատման համար: