ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային դպրոց հիմնելու ծրագիրը: Դեսպանը նախարարին է ներկայացրել նախագծի իրագործման առաջարկություն՝ նշելով, որ չինական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դպրոցի կառուցման ֆինանսավորումը, հստակեցնելով կրթական ծրագիրը, ինչպես նաեւ դպրոցի կառավարմանն առնչվող հիմնական մանրամասները:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է  հայտնել դեսպանին՝  նախաձեռնությանն արձագանքելու եւ գործնական քայլեր ձեռնարկելու համար, նշելով, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը լինելու է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոց, որտեղ կկազմակերպվի չինարեն լեզվի, ինչպես նաեւ մշակույթի եւ պատմության ուսուցում: Անդրադառանալով դպրոցի կառավարման կազմակերպմանը՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցների կառավարման համակարգը՝ նշելով, որ  չինական կողմը եւս կարող է ներգրավվել դպրոցի կառավարման գործընթացին՝ ունենալով իր ներկայացուցիչներին դպրոցի կառավարման խորհրդում:

Իսկ կրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների հարցում, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմն ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը: «Չինական հրաշքի մասին ողջ աշխարհը  հիացմունքով է խոսում: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով  Հայաստանում, ի դեմս այս դպրոցի, կստեղծենք չինական փոքրիկ հրաշք»,- հանդիպման ընթացքում նշել է Արմեն Աշոտյանը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ չինական դպրոցի նախագիծը  ձեւի եւ բովանդակության առումով  տարածաշրջանում եւ  նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում բացառիկ կլինի եւ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ տարածաշրջանի այլ երկրներում: