Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը(JICA) Վերարատադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին փոխանցել է լրացուցիչ բժշկական սարքավորումներ:

Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 3-ին: 2005-2006թթ. ընթացքում ճապոնական կողմն իրականացրել է գրանտային ծրագիր, որի շրջանակներում բժշկական սարքավորումներ են փոխանցվել Վերարատադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին, ինչպես նաեւ Գավառի եւ Հրազդանի բժշկական կենտրոններին:

Ճապոնական կողմը պարբեական մոնիթորինգ է իրականացնում փոխանցած սարքավորումները, եւ անցյալ տարի հայկական կողմը դիմեց լրացուցիչ սարքավորումների մասին խնդրանքով նույն ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ արդեն փոխանցած սարքավորումների մասերի փոխարինման խնդրանքով: Արդյունքում ճապոնական կողմը Վերարատադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին այսօր փոխանցել է հատուկ լվացքի մեքենա, արդուկման նոր սարք, վիրահատական լամպեր, կոմպրեսոր, պահեստամասեր:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ուզբեկստանում «JICA»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Իիդա Ջիրոն, առողջապահությունը Հայաստանի կառավարության հետ «JICA»-ի համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաեւ Ճապոնիայում հայ բժիշկների վերապատրաստում: «Մենք հույս ունենք, որ շնորհիվ այս համագործակցության կբարձրանա բժշկական ծառայությունների որակը նշված բուժկենտրոններում»,- նշել է «JICA» ներկայացուցիչը: