Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Ռուսաստանը Բելառուսի հետ առեւտրում օգտագործում է 12 սահմանափակող միջոցներ, որոնք զգալի վնաս են հասցնում գործընկերոջը:
Ամենից շատ Բելառուսը տառապում է նավթի եւ նավթամթերքների որոշ տեսակների վրա ռուսական արտահանման մաքսատուրքերից:
Մինսկն այդ տուրքերը համարում է Ռուսաստանի միջազգային պարտավորությունների դրույթների կոպիտ խախտում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բացի այդ, Բելառուսում կարծում են, որ Ռուսաստանում գազի ներքին գներն ավելի ցածր են, քան վառելիքի գները, որ առաքվում է հարեւան երկիր՝ անգամ տարանցման գները հաշվի առնելով: Մինսկում դժգոհ են նաեւ «ոչ մրցակցային պայմաններից», մեքենաների եւ կենցաղային տեխնիկայի ներկրման սահմանափակումներից եւ այլն:
ԱԳՆ-ում նշում են, որ օտարերկրյա պետությունները Բելառուսի դեմ ընդամենը 28 սահմանափակում են մտցրել, եւ առաջատարն այդ հարցում Ռուսաստանն է:



























