Գերմանիայի կառավարող կոալիցիան՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ քրիստոնեա-սոցիալիստական միություն, գերմանական Բունդեսթագում պահանջել է ակտիվացնել աջակցությունը աշխարհի որոշ երկրների քրիստոնյաներին: Խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերի խոսքով, կրոնական ազատության համար պայքարը կուսակցությունների միության արտաքին քաղաքականության գլխավոր բաղադրիչներից է:
Այդ հայտարարությամբ Կաուդերը ելույթ է ունեցել գերմանացի պատգամավորների եւ եկեղեցիների ներկայացուցիչների Թուրքիա կատարած այցից հետո, հաղորդում է Regions.ru-ն:
Կրոնական ազատությունները Թուրքիայում ամբողջությամբ չեն պահպանվում, համոզված է Կաուդերը: Նրա խոսքով, այդ՝ գերազանցապես մահմեդականներով բնակեցված երկրում քրիստոնյաներին թույլ չեն տալիս կրոնական սպասավորների կրթել: Կրոնական դասերը մայրենիով հասանելի չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Նախկինի պես երկրում տիրապետում է անհանդուրժողականության մթնոլորտը, ափսոսանք է հայտնել գերմանացի քաղաքական գործիչը:

























