Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:
Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:
Այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:





























