ԱՄՆ վարչակազմը չի սատարում Իրաքից անկախանալու շուրջ հանրաքվե անցկացնելու՝ քրդերի մտադրությունը: Վաշինգթոնը հայտարարել է, որ Իրաքը պետք է միասնական պետություն մնա, որպեսզի կարողանա դիմակայել երկրի տարածքի զգալի մասը գրաված «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորմանը: 

Միացյալ Նահանգները բավական արագ է արձագանքել քուրդ առաջնորդների կոչին, ովքեր հայտարարել էին, թե եկել է Իրաքի հյուսիսային ինքնավար մարզի անկախության ժամանակը: Սպիտակ տունը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմի դիրքորոշումն այն է, որ Իրաքը պետք է միասնական պետություն մնա:

«Իրաքի համար «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման սպառնալիքին դիմակայելու լավագույն միջոցը երկիրը միավորելն է...»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

Ավելի վաղ իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ անկախություն ձեռք բերելու ժամանակն է:

Մինչ այդ, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին սկսել է նոր կառավարություն ձեւավորել: Օբամայի վարչակազմը նրան կոչ է արել օգտվել այս հնարավորությունից եւ կազմավորել բնակչության բոլոր խմբերի շահերը ներկայացնող կառավարություն, որը կկարողանա ավելի արդյունավետ եւ վճռականորեն դիմակայել զինյալների սպառնալիքին:

Հինգշաբթի Սպիտակ տունը Մալիքիին նաեւ նախազգուշացրել է, որ դրա համար ավելի քիչ ժամանակ է մնում: