ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Եվրոպան ձախողել է ժողովրդավարության քննությունը, եւ Եվրախորհրդին ու նրա Խորհրդարանական վեհաժողովին մեղադրել է Ուկրաինայում փետրվարյան հեղաշրջումն արդարացնելու, իսկ Եվրամիությանը՝ Ուկրաինայում «ազգայնամոլական դրսեւորումներն» անտեսելու համար:
«Ե՛վ Եվրախորհուրդը, ե՛ւ նրա Խորհրդարանական վեհաժողովն իրենց լավագույն ձեւով չդրսեւորեցին, ըստ էության՝ արդարացրեցին պետական զինված հեղաշրջումը»,- ուրբաթ Պետդումայի գարնանային նստաշրջանի փակման ժամանակ ասել է Նարիշկինը:
«Մի խոսքով՝ տարիների գործունեության ընթացքում ժողովրդավարության ամենալուրջ «քննությունը» Եվրոպան ձախողեց»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ռուս պաշտոնյան:
Ռուս խոսնակը հավելել է, որ Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումն արտերկրում ոչ բոլորին է դուր եկել:
«Արհեստականորեն ստեղծված Ուկրաինայի ներքին ճգնաժամը եւ դրան հետեւած արեւմտյան արձագանքը Եվրոպայում լարվածության նոր օջախ ստեղծեցին»,- ասել է Նարիշկինը:





























