Հյուսիսային Կովկասում իրավիճակը չի տեղավորվում պարզապես կենտրոնի հետ ինչ-որ հակամարտության շրջանակներում: Դա բազմաշերտ թխվածք է՝ որ ներառում է անորակ կառավարում դաշնային, նաեւ հանրապետական մակարդակներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ, Ռազմական եւ քաղաքական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Հյուսիսային Կովկասում իրադրության զգալի վատթարացումը:

Նրա խոսքով, տարբեր մակարդակներով անորակ կառավարմանը գումարվում է իսլամի ուղղությունների պայքարը: Քաղաքագետի կարծիքով, տարածաշրջանում յուրաքանչյուր կոնկրետ ահաբեկչություն իր պատմությունն ունի, եւ չի կարելի ամեն ինչ խառնել:

«Խնդիրներից մեկն այն է, որ Կովկասում ամեն մի պայթյուն մենք ահաբեկչություն ենք համարում: Միեւնույն ժամանակ հաճախ խոսքը գնում է քրեական հաշվեհարդարների մասին: Վերջին շրջանում բռնության աճի համար ես մի քանի պատճառ կնշեի: Դրանցից մեկը Կովկասի արեւելյան հատվածում արմատական իսլամիստական տրամադրությունների աճն է: Բացի այդ, տարածաշրջանում բիզնեսի եւ իշխանությունների միջեւ հարաբերությունների մի զգալի մասը հիմնված է ոչ ֆորմալ հիմքի վրա: Հետեւաբար, հարցերը հաճախ լուծվում են «Չկա մարդը, չկա խնդիրը» սկզբունքով»,- ասել է Մարկեդոնովը:

Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ ցանկացած դեպքում անհրաժեշտ է ուշադիր հետեւել Հյուսիսային Կովկասում բռնության աճի բարդ դինամիկային: Խոսելով դաշնային կենտրոնի պատասխանատվության մասին, Մարկեդոնովը նկատեց, թե պատճառը հստակ ռազմավարության բացակայությունն է: «Ես ամեն ինչ մեկ կենտրոնի վրա չէի բարդի, քանի որ յուրաքանչյուր կոնֆլիկտային սյուժե ունի իր նախադրյալները»,- ամփոփել է Սերգեյ Մարկեդոնովը: