Հայաստանի ԱԳ նախարարությունում, այսօր՝ հուլիսի 4-ին, Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կայացան քաղաքական խորհրդակցություններ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ռումինական պատվիրակությունը` Ռումինիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն:
Քննարկվեց հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական եւ ոլորտային փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման միջոցով:
Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիները:
Տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ:





























