Եթե այնպես շարունակվի, Հայաստանը չի միանա Եվրասիական տնտեսական միությանը. ոչ ոք Հայաստանին չի ընդունի այնտեղ, որտեղ չի լինելու Ադրբեջանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգման մասին՝ հայտարարեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա համոզմամբ, կարող է նույնիսկ հակառակը լինել. Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին, իսկ Հայաստանը՝ ոչ: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին գոյություն ունեցող խնդիրների մի մասը Ղազախստանի նախագահը, կարծես, կապեց Ադրբեջանի հետ, սակայն այլ խնդիրների մասին ոչինչ չասվեց: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունները պատկերացում չունեն կոնկրետ խնդիրների մասին, որոնց պատճառով ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը հետաձգվում է: Այդ փոքր-ինչ տարօրինակ է»,- նկատեց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանի համար ավելի կարեւոր է ԵՏՄ-ին Ադրբեջանի, քան Հայաստանի անդամակցությունը: «Գոյություն ունեն նաեւ այլ խնդիրներ. Ղազախստանն ու Բելառուսը չեն կիսում ուկրաինական հարցում Ռուսաստանի առաջարկները: Այդ նույնպես մեծ խնդիր է: Փաստորեն, նույնիսկ միության հիմնադիր-երկրները չեն կարողանում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնության գալ, ինչ կարելի է ասել արդեն այլ երկրների մասին»,- եզրափակեց Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի հետաձգման պատճառներն առայժմ հայտնի չեն, բայց, ցանկացած պարագայում, քաղաքական որեւէ խնդիր չկա: Նրա խոսքով, պայմանավորվածություն կար, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հուլիսի 3-ին կհանդիպեն, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Վարչապետը, սակայն, վստահություն հայտնեց, որ մինչեւ տարեվերջ այդ հարցը կլուծվի: