Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հուլիսի 4-ին, այցելել է Ծաղկաձոր, որտեղ ներկա է գտնվել «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման արարողությանը: Վարչապետը զրուցել է «Արի տուն» ծրագրով հայրենիք ժամանած սփյուռքահայ պատանիների հետ, ովքեր իրենց տպավորություններով են կիսվել ճամբարի եւ Հայաստան կատարած այցի վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանը ողջունել եւ շնորհավորել է պատանիներին հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում Հայաստան կատարած այցի առթիվ եւ նշել. «Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզնով հպարտանում եւ ուրախանում: Այս ծրագրին շատ լուրջ եմ վերաբերվում եւ ես՝ որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, որ այն լինի շարունակական եւ ամեն տարի ծրագրին մասնակից երեխաների թիվն ավելանա: Համոզված եմ, որ ձեր այցը Հայաստան ջերմորեն է կապում ձեզ մայր հայրենիքին»:

Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին եւ նրանց, ովքեր զբաղվում են այս հայանպաստ, ազգանվեր գործով՝ «Արի տուն» ծրագրի կազմակերպմամբ:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարի տարածքով՝ ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում հայրենիք է ժամանել 140 պատանի աշխարհի 9 երկրից: