Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ տանող ճանապարհին գրոհայինները 400-ից ավելի բենզատարներ են այրել, որոնք, ենթադրվում է, բենզին եւ նավթ էին տանում ՆԱՏՕ-ի զորքերի համար,փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Դեպքի վայր են հրավիրվել փրկարար ծառայությունները, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Հաշմաթուլահ Սթանեքզայը:

Հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել են «Թալիբան» շարժման գրոհայինները: Իր հայտարարությունում շարժման ղեկավարությունը նշել է, որ  հարձակման է ենթարկվել բեռնատարների կայանատեղին, որոնք վառելիք են տեղափոխում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ թալիբները բազմիցս կրակել էին ՆԱՏՕ-ի բենզատարների վրա, որոնք հարեւան Պակիստանից վառելիք են  մատակարարում արտասահմանյան ռազմաբազաներ: