Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո առաջին անգամ կհանդիպի մանկապիղծ հոգեւորականների զոհերի հետ, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ Իռլանդիայից 6 մարդ երկուշաբթի պատարագից հետո կարող են շփվել Ֆրանցիսկոսի հետ Սուրբ Պետրոս տաճարից ոչ հեռու գտվող նրա նստավայրում: Այս քայլը նպատակ ունի ցույց տալ հովվապետի միասնությունը ամբողջ աշխարհում հոգեւորականներից տուժած բյուրավոր մարդկանց հետ, հաղորդում է Lenta.ru-ն:

Վերջին տասնամյակում կաթոլիկ եկեղեցին ներքաշվել էր մի շարք սկանդալների մեջ՝ կապված հոգեւորականների շրջանում մանկապղծության եւ եկեղեցական ղեկավարության կողմից այդ հանցագործությունների պարտակման հետ: Վատիկանի հաշվարկներով, հոգեւորականների շրջանում իրենց դիրքի չարաշահման մոտ 3420 դեպք է արձանագրվել: Ֆրանցիսկոսը 2013թ. մարտին ընտրվելուց հետո հայտարարել էր մանկապղծության հետ պայքար սկսելու վճռականության մասին:

Անցյալ տարվա հուլիսին Հռոմի պապը նոր օրենքներ էր հաստատել, ըստ որոնց՝ Վատիկանը մանկապղծությունը պաշտոնապես ճանաչել է հանցագործություն: Դրան են վերաբերում նաեւ մանկական մարմնավաճառությունը եւ մանկական պոռնկագրության ստեղծումը կամ պահպանումը: