Հայաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միություն մտնել, սակայն որեւէ նախապայման չի ընդունի։ Այս մասին հուլիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ տեխնիկական բնույթի որոշակի հարցեր են ծագել, բայց արդեն լուծվել են։ «Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստ է եւ ուղարկվել է կազմակերպության անդամ երեք երկրներին, որոնք կհայտնեն իրենց կարծիքը», - նշել է Վահրամ Բաղդասարյանը ընդգծելով, որ ԵՏՄ-ին Հաաստանի անդամակցության ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա։
Ի պատասխան հարցին, թե ինչու տեղի չունեցավ այս տարվա հուլիսի 3-ին նախատեսված Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ՀՀԿ խմբակցութան ղեկավարը հայտարարել է, որ նշված հանդիպման ամսաթիվը հստակ չէր հրապարակվել: «Այդ կապակցությամբ իրենց կարծիքները պետք է հայտնեն նաեւ Բելառուսը եւ Ղազախստանը: Ճիշտ կլինի, եթե նրանք ճշտեն իրենց մոտեցումները», - նշել է Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա` Հայաստանը չի հրաժարվում պայմանավորվածություններից: «Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ նոր պայմաններ չեն կարող առաջադրվել», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, ամեն դեպքում, քաղաքական որեւէ խնդիր չկա: Ըստ նրա` պայմանավորվածություն է եղել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հուլիսի 3-ին, բայց այդ հանդիպումը չի կայացել: Սակայն վարչապետը վստահ է, որ մինչեւ տարեվերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի:




























