Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար-Վազաշեն հատվածում, որտեղ ճանապարհը վտանգավոր է դարձել եւ գրեթե չի օգտագորվում այն բանից հետո, երբ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակեց այդ հատվածով ընթացող ավտոմեքենայի վրա, նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը ձգձվում է ոչ միայն հակառակորդի կրակոցների, այլեւ նախատեսված բյուջեն գերազանցող լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության պատճառով։ Այսօր՝ հուլիսի 5-ին, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցի շրջանակում Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ճանապարհի շինհրապարակում կանգ առած վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս մասին տեղեկացրին շինարարությունն իրականացնող «Իջեւան-ճանշին» ընկերության տնօրեն Արծրուն Ղալումյանը։

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչու են աշխատանքները ձգձգվում՝ հիշեցնելով, որ  ծրագրվում էր ճանապարհը շահագործման հանձնել այս տարվա հունիսի 30-ին։

«Լրացուցիչ ծախսերի խնդի՞ր կա, հանձնաժողով ուղարկենք, թող գան, ստուգեն»,- ասաց վարչապետը։

Վարչապետին տեղեկացրին, որ բացի լրացուցիչ ծախսերից՝ աշխատանքները ժամանակին ավարտելուն խանգարում են նաեւ եղանակային անբարենպաստ պայմանները եւ հակառակորդի չդադարող կրակոցները։ Պատասխանատուների խոսքով՝ իրենք տեղեկանք ունեն «Հայհիդրոմետ» ծառայությունից, որ համարյա ամեն օր տարածքում անձրեւ է եկել։ Այնուամենայնիվ, ըստ նրանց՝ աշխատանքների 90 տոկոսը կատարվել է։

Արծրուն Ղալումյանը դժգոհեց, որ կառավարության հանձնաժողովի եւ ընկերության միջեւ կան տարաձայնություններ. հանձնաժողովը երկու անգամ անգամ եկել է եւ աշխատանքային ծավալների վերաբերյալ գնահատականը թողել անփոփոխ, ինչն էլ իր հերթին է խոչընդոտել աշխատանքները ժամանակին ավարտելուն։

«Նույն էքսպերտիզան եկավ, հաստատեց, որ ծավալները նույն են, ճիշտ են։ Ես նրանց հետ ո՞նց կարամ վիճեմ։ Նրանք վեց հոգին էին, ես՝ մենակ, ի՞նչ կարայի անեի»,- բողոքեց ընկերության ներկայացուցիչը։

Նա վարչապետին խնդրեց անկախ հանձնաժողով ուղարկել, որն ավելի օբյեկտիվ գնահատական կտա պահանջվող աշխատանքների ծավալին

«Հո կռի՞վ չի»,- զարմացավ վարչապետը, ինչին ընկերության տնօրենը պատասխանեց. «Բա կռիվ ա, բա ի՞նչ ա։ 156,000 կուբամետր՝ 3 կիլոմետրի վրա։ Ես ո՞նց բրթեմ։ Էքսկավատորը տալիս ա ընդամենը 10,000 կուբամետր՝ 100 մետր բրթելով։ 145 հազար կուբամետրը տալիս ա 50 մետր։ Էստեղից էնտեղ եմ բրթում, էնտեղից՝ էստեղ։ Խաղ ենք անում, պարոն վարչապետ»։

Այստեղ միջամտեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որն ասաց, որ ֆինանսական կարիքները ճշտելու նպատակով իրենք մասնագետներ կուղարկեն։

Վարչապետը նշեց, որ մնացած բոլոր խնդիրները ճշտեն Գագիկ Բեգլարյանի հետ եւ աշխատանքների ավարտման վերջնաժամկետ նշանակեց օգոստոսի 30-ը։ Նշենք, որ նախատեսվում էր աշխատանքներն ավարտել հունիսի 30-ին։

Հիշեցնենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ  5 մետր բարձրություն։