Սերժ Սարգսյանը ցանկանում է Սահմանադրական բարեփոխումներ անել, որպեսզի կարողանա վերարտադրել իր իշխանությունը: Սահմանադրության օրվա կապակցությամբ մայր օրենքի վերաբերյալ NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«1995 թվականին ընդունվեց այս համակարգը, քանի որ կիսանախագահականի անցնելու համար ամենաօբյեկտիվն էր, անխուսափելի երեւույթ էր: 2005 թվականի փոփոխություններով էլ համակարգի էությունը չփոխվեց, միայն կառավարությունն ու Ազգային ժողովը ավելի մեծ լիազորություններ ստացան: Այսօր, Հայաստանն ավելի հետ է գնացել, քան թե առաջ: Իհարկե, այժմ էլ են Սահմանադրական փոփոխություններ պետք, սակայն պետք է փոխել երկրի զարգացման ուղենիշները: 5-10 հետո կարող ենք խոսել սահմանադրական բարեփոխումների մասին, նույնիսկ փոխել կառավարման համակարգը: Սակայն չպետք է դա անել փլուզված տնտեսական համակարգով: Իսկ Սահմանադրական բարեփոխումների իրական դրդապատճառն այն է, որ գործող նախագահը չի կարող վերարտադրել իր իշխանությունը, պառլամենտականի անցնելու դեպքում ինքը կարող է դա անել, մեկ անձի շահերի համար է այս ամենն արվում»,- ասաց նա:
Նշենք, որ հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























